Posted in Կենսաբանություն, Uncategorized

Վիտամիններ

Վիտամինները (լատիներեն «վիտա»՝ կյանք բառից) կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և անփոխարինելի են: Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի հետ, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում: Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, այսպես կոչված, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների: Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները: Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճմանը և ամբողջ օրգանիզմի զարգացմանը: Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը: Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ: Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, բայց զուրկ են մյուսներից: Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն, անվիտամինություն): Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների: Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս: 
Image_2490
Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում: Տարեցների օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է:
Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակում էին լատիներեն տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անվանումներ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը: Վիտամինները բաժանվում են 3 խմբի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր:
 
A վիտամին (ռետինոլ)
Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն): A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն: 
 
B1 վիտամին (թիամին)
Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի նյութափոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:
 
B2 վիտամին (ռիբոֆլավին)
Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման շարժընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ Bվիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:
 
B3 կամ PP վիտամին (նիկոտինամիդ, 
նիկոտինաթթու)
 
Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից:
 
B5 վիտամին (պանտոտենաթթու)
Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կանոնավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված): Օրգանիզմում B5վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:
 
B6 վիտամին (պիրիդօքսին)
Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում: 
 
Bվիտամին (ֆոլացին)
Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ: Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը: 
 
B12 վիտամին (ցիանակոբալամին)
Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը: Անբավարարության դեպքում զարգանում է սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
B15 վիտամին (կալցիումի պանգամատ)
Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:
C վիտամին (ասկորբինաթթու)
Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման շարժընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք Է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, թորշոմածություն, արագ հոգնելիություն, քնկոտություն, գլխապտույտ: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: C անվիտամինության ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն): Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը: Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է, հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ: Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է: C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:
D վիտամին (կալցիֆերոլներ)
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը: D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը): Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ անդրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում Է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում:
Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:
E վիտամին (տոկոֆերոլներ)
Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:
K վիտամին (ֆիլոքինոններ)
Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:
Վիտամինանման նյութեր
Վիտամինանման նյութերը կենսաբանորեն ակտիվ միացություններ են: Դրանցից են կենսաֆլավոնոիդները (կանոնավորում են մազանոթների թափանցելիությունը), խոլինը [ունի ճարպահակ (լիպոտրոպ) ազդեցություն], ինոզիտը (մասնակցում է ածխաջրերի փոխանակությանը), պանգամաթթուն (որի կալցիումական աղն ունի հակաթերթթվածնային ազդեցություն) և այլն:
P վիտամին (կենսաֆլավոնոիդներ). նյութերի խումբ է, որը բարձրացնում է մազանոթների պատերի կայունությունը, վերացնում դրանց բարձր թափանցելիությունը: Այդ նյութերից են ռուտինը, տանինը: Առավել արդյունավետ են C վիտամինի զուգակցությամբ: Պարունակվում են թեյում (առանձնապես՝ կանաչ), մասուրում, կիտրոնում, խուրմայում, սև հաղարջում, սև արոսենու պտուղներում, խաղողում, սալորում, տաքդեղում, հնդկաձավարում:
Advertisements
Posted in Կենսաբանություն, Uncategorized

Շնչառական հիվանդություններ

Ինչպիսի՞ ընթացք ունեն շնչառական հիվանդությունները:

Առավելապես հանդիպում են թեթև, միջին ծանրության ձևերը, իսկ ծանր ձևերը համեմատաբար հազվադեպ են հանդիպում:

Շնչուղիների հիվանդություններ հաճախ հանդիպող նշաններից է հարբուխը՝ ռինիտ, ապա` ֆարինգիտ (կոկորդի բորբոքում), տոնզիլիտ (նշիկների բորբոքում), օտիտ (ականջների` հիմնականում միջին ականջի բորբոքում), սինուսիտներ (քթի հարակից խոռոչների բորբոքում), լարինգիտ, լարինգոտրախեիտ (երեխաների մոտ առաջացնում է կրուպ), տրախեիտ, բրոնխիտ (ուղեկցվում են հազով), մանր բրոնխների ախտահարում (օբստրուկտիվ բրոնխիտ և բրոնխիոլիտ)`որոնք ուղեկցվում են արտահայտված շնչառական անբավարարության զարգացմամբ, թոքաբորբ և պլևրիտ:

Շնչառական-հիվանդացությունը-մանկական-տաիքում1-600x260

 

Առավել հաճախ ո՞ր վիրուսներն են նշված հիվանդությունների պատճառ դառնում:

Հիվանդություն առաջացնող վիրուսներից առավել մեծ նշանակություն ունեն 8-ը: Դրանցից ամենահայտնի վիրուսը գրիպն է, և կազմում է վիրուսային ընդհանուր հիվանդությունների մոտավորապես 10-12 տոկոսը: Առավել հաճախ հանդիպող վիրուսն է ռինովիրուսը, որը հիմնականում ախտահարում է քիթը (լատիներեն. ռինո` քիթ), առաջացնում քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում և հարբուխ:

Կան ևս մի քանի այլ վիրուսներ, որոնք կարևոր նշանակություն ունեն հատկապես մանկական տարիքում: Դրանցից է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, որը երեխաների մոտ բրոնխիալ օբստրուկցիա է առաջացնում, մյուսը 10 տոկոս դեպքերում հանդիպողն ադենովիրուսն է, ախտահարում է բազմակի օրգաններ՝ աչքերը, շնչուղիները, որոշ տեսակները` նաև ախտահարելով որովայնը, լուծ են առաջացնում: Հաջորդը պարագրիպի վիրուսն է` երեխաների կրուպ հիվանդության առաջին պատճառներից մեկը:

Այս խմբից են նաև մետապնևմովիրուսը, որը վերջերս է հայտնաբերվել, բոկավիրուսը և կորոնավիրուսը:

Ինչպիսի՞ն է հիվանդությունների սեզոնայնությունը և հնարավո՞ր է նախապես կանխատեսել սպասվող հարուցիչները:

Այս վիրուսները զարգանում են բռնկումներով, ունեն սեզոնայնություն, հյուսիսային կիսագնդում այն սկսվում է մոտավորապես հոկտեմբերից և տևում է մինչև մարտ-ապրիլ ամիսները:  Կլինիկայից որոշ դեպքերում արդեն հնարավոր է հասկանալ, թե որ վիրուսն է տարածված:

Հայաստանի հակահամաճարակային ծառայությունը վերահսկում է, պարբերաբար ստուգումներ կազմակերպում՝ առկա վիրուսները ճշտելու համար, հիվանդանոցներում կատարվում են վիրուսաբանական հետազոտություններ:

Գոյություն ունի՞ վիրուսների որոշակի տարեկան պարբերականություն:

Այո՛, կա նաև վիրուսների ակտիվացման որոշակի տարեկան պարբերականություն, որը բազմակի գործոններով է պայմանավորված՝ վիրուսի որոշակի փոփոխություններով, մուտացիաներով, նոր տարատեսակների առաջացմամբ: Շատ դեպքերում վիրուսներն այնպես են փոփոխվում, որ գալիս են կրկին իրենց նախորդ ձևերին: Օրինակ՝ ԱՄՆ-ում շատ հետաքրքիր դիտարկում է կատարվել վերջին ամենախոշոր բռնկումներից մեկի ժամանակ. պարզվել է, որ այն անձինք, ովքեր մինչև 1956 թվականը վարակված են եղել այդ վիրուսով, 2009 թվականին՝ 53 տարի անց, այդ վիրուսով չվարակվեցին և չհիվանդացան:

Ի՞նչ դեր ունեն մանրէները շնչառական հիվանդությունների առաջացման գործընթացում:

Շնչառական հիվանդություններ առաջացնում են նաև մանրէները, որոնցից ամենատարածվածը պնևմոկոկն է, ստրեպտոկոկը, ստաֆիլոկոկը և այլն: Պնևմոկոկն ունի 90-ից ավելի ձևեր՝ երոտիպեր, որոնցից  մինչև 23 ամենատարածվածի դեմ պատվաստումներ են իրականացվում:

Բացի այդ, պատվաստում է իրականացվում նաև հեմոֆիլուսի ցուպիկի և կապույտ հազի նկատմամբ:

Որո՞նք են շնչառական հիվանդություններին նպաստող գործոնները և դրանց կանխարգելման եղանակները:

Շնչառական հիվանդությունների առաջացման մեջ մեծ դեր ունի  մարդու իմունային առանձնահատկությունը: Երեխաների մոտ իմունիտետի բարձրացման նպատակով անհրաժեշտ է, որ երեխան  պատվաստվի, ստանա  համապատասխան սնունդ, պարտադիր սնվի կրծքի կաթով, հետագայում սնունդը պետք է ևս համապատասխանի տարիքային պահանջներին, ժամանակին ներմուծվի հավելյալ սնունդ, բավարար չափով ստանա սպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, վիտամիններ:

Հիվանդացությունը կանխելու հաջորդ պայմանը մաքուր օդն է, որի աղտոտման առաջին պատճառներից է ծխախոտի ծուխը, ինչը երեխաների մոտ առաջացնում է ավելի քիչ հակամանրէային, հակավիրուսային հատկություններով լորձի արտադրում և շնչուցիների լոևձաթաղանթի դիմադրողականության անկում:

Շնչուղիների վրա ազդող օդի այլ կարևոր աղտոտիչներից է փոշին, որը, ցավոք, Երևանում խնդիր է:

Այս հիվանդությունների կանխարգելման հարցում կարևոր է նաև երեխայի կոփվածությունը: Նրան մանկուց պետք է շատ փաթաթված, գերտաքացված վիճակում չպահել, հագուստը պետք է լինի բնական գործվածքից (օրինակ՝ բամբակ):

Ո՞րն է շնչական հիվանդություններին բնորոշ կլինիկան:

Հիմնականում բնորոշ են  հազը, շնչառության փոփոխությունը, ջերմությունը: Բժշկին անմիջապես պետք է դիմել հաճախացած, ծանրացած շնչառության դեպքում, երբ կան խզզոցներ, խիստ թուլություն, տրամադրության անկում, որոշ դեպքերում նաև` ջերմային ցնցումներ: Դրանք վտանգավոր ախտանշաններ են և կարող են բերել ծանր խնդիրների առաջացման:

Խոսենք բրոնխիալ ասթմայի մասին՝ կապված վերջին շրջանում երեխաների ալերգիզացիայի հաճախացման հետ:

Ասթման յուրահատուկ վիճակ է: Սկզբնական շրջանում ասթմային կարող են նպաստել շնչական վիրուսները, բայց հետագա զարգացման մեխանիզմները հիմնականում իմունալերգիկ են: Ասթման կապված է կրկնակի օբստրուկցիայի՝ բրոնխների նեղացման հետ: Սովորաբար, վաղ տարիքում երեխաների մինչև 20 տոկոսն ունենում են նման էպիզոդներ, որոնք վիրուսային ծագման են և անհետևանք անցնում են: Բայց երեխաների մոտ առկա որոշակի ֆենոտիպեր և  գենոտիպեր հետագայում առաջացնում են կրկնակի օբստրուկցիաներ:

Ի՞նչ բարդություններ են բնորոշ շնչառական հիվանդություններին:

Բարդություններից վտանգավոր են թոքերի աբսցեսը, շնչառական անբավարարությունը: Արտաթոքային բարդություններից հնարավոր են սեպսիս (արյան վարակում), մենինգիտ (ուղեղի թաղանթների բորբոքում) և այլն:

Որո՞նք են շնչական հիվանդությունների բուժման ընդհանուր մոտեցումները:

Քանի որ դեպքերի մեծ մասը վիրուսային է, իրականում բուժում չի պահանջվում, և պետք է ընդամենը կարգավորել քթային շնչառությունը, լվանալ քիթը (աղաջուր և այլն): Կան որոշակի հակաբիոտիկների կիրառման ցուցումներ, բայց դրանց նշանակումը պետք է կատարվի միայն բժշկի կողմից:

Բրոնխօբստրուկցիայի ժամանակ ընդհանրապես չի կարելի հակահազային միջոցներ տալ, որովհետև դեղերը կարող են նպաստել շնչառական անբավարարության խորացմանը:

Ինչպե՞ս վերաբերվել ձգձգվող և քրոնիկական դեպքերին:

Ձգձգվող դեպքերի ժամանակ պետք է հասկանալ, դա քրոնիկակա՞ն է, թե` կրկնակի: Եթե քրոնիկ խնդիրներ կան, պետք է պարզել դրանց իրական պատճառը: Օրինակ,  քթային շնչառության խանգարումը կարող է կապված լինել ադենոիդ հյուսվածքի գերաճի հետ: Կրկնվող թոքաբորբերի դեպքում պետք է ուշադրություն դարձնել իմուն համակարգի վիճակի վրա, պարզել բնածին թոքային ձևափոխումների առկայությունը, որը մասնագիտական մոտեցում է պահանջում:

Ինչպե՞ս է իրականացվում երեխայի հսկողությունը քրոնիկական և կրկնվող դեպքերի ժամանակ:

Կրկնվող դեպքերի ժամանակ երեխաները պետք է ընդգրկվեն դիսպանսեր հսկողության, և համապատասխան կանխարգելիչ կամ բուժական միջամտություններ իրականացվեն, երբեմն` տարիներով:

Դրանք կարող են լինել նաև այլ՝ սպեցիֆիկ վարակային հիվանդություններ: Միշտ պետք է հիշել տուբերկուլոզի մասին: Պետք է բացառել նաև թոքերի բնածին ձևափոխությունների առկայությունը: Երբեմն հանդիպում է մուկովիսցիդոզ համակարգային հիվանդությունը՝ կապված օրգանիզմում գեղձերի ֆունկցիայի խանգարման հետ, երբ շնչուղիների արտադրությունը դառնում է մածուցիկ և նպաստում կրկնակի վարակների զարգացմանը:

Ախտորոշման ի՞նչ մեթոդներ են կիրառվում:

Իրականացվում է ռենտգենագրաֆիա (բայց ոչ միշտ` պարտադիր), արյան քննություն, սեպտիկ բարդությունների կասկածի դեպքում` վիրուսաբանական և մանրէաբանական հետազոտություններ, C ռեակտիվ սպիտակուցի որոշում, որոնք կողմնորոշիչ նշանակություն ունեն երեխայի մոտ ընթացող գործընթացները հասկանալու համար:
Կարևոր մեթոդ է պուլսօքսիմետրիան, որով չափվում է թթվածնի խտությունը: Ցանկալի է, որ շատ դեպքերում այն պարտադիր իրականացվի: Բարդ դեպքերում կատարվում է բրոնխոսկոպիա, երբ բրոնխների ձևափոխման և օտար մարմնի առկայության կասկած կա:

Համակարգչային շերտագրությունը ևս կարևոր և անհրաժեշտ հետազոտություն է, այն օգնում է պարզել բնածին անոմալիաների առկայությունը և ծանր թոքաբորբերի հետևանքները:

Քրոնիկական և ձգձգվող դեպքերի ժամանակ որքանո՞վ է ցուցված սանատոր-կուրորտային բուժումը:

Սանատոր-կուրորտային բուժմանը ներկայում ավելի քիչ տեղ է հատկացվում, քանի որ այն ցուցված է ոչ բոլորին և ոչ բոլոր դեպքերում: Հիվանդներից ոմանք դրանից ավելի են վատանում, որովհետև տարիների ընթացքում փոխվել է այդ հիվանդությունների ախտածնության բնույթը և դրանց մասին պատկերացումները:

Շնչական հիվանդությունների դեպքում կիրառվո՞ւմ են, արդյոք, բուժման ավանդական մեթոդներ:

Ավանդական մեթոդներից ամենատարածվածը՝ բուսական բուժումը, նույնպես ալերգիկ հազերի ժամանակ ցուցված չէ և կարող է ալերգիկ ֆոնն ավելի բարձրացնել:

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Շնչառական շարժումները և թոքերի կենսական տարողությունը

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում, գրավելով նրա համարյա ամբողջ տարածքը։ Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր։ Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչմանփուլերից։ Ընդ որում, արտաշնչման փուլն ավելի երկարատև է։ Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 միլիոն շնչառական շարժում։

Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների գործունեությամբ, կրծքավանդակի ծավալի փոփոխության շնորհիվ։ Միջկողային մկանների կծկումից, կողոսկրերը բարձրանում են, կրծքավանդակի ծավալը մեծանում են դեպի կողքեր և առաջ ուղղությամբ։ Ստոծանու մկանների կծկումից նրա գմբերթները հարթվում են, իջնում ներքև, որից որովայնի օրգանները հրվում են ցած, և կրծքավանդակի ծավալը մեծանում է դեպի ներքև ուղղությամբ։ Այս պահին թոքամզային ճնշումն ավելի է փոքրանում մթնոլորտային ճնշման համեմատ։ Դրա հետևանքով թոքերն ինքնաբերաբար հետևելով կրծքավանդակի ծավալի մեծացմանը ձգվում են, և մթնոլորտային օդը շնչուղիներով թափանցում է թոքաբշտիկների մեջ. կատարվում է ներշնչում։ Դրանից հետո միջկողային մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրությունից իջնում են ցած, իսկ ստոծանու մկանների թուլացումից ու որովայնի օրգանների ճնշումից ստոծանին բարձրանում է վեր, և կրծքավանդակի, հետևաբար նաև թոքերի ծավալները փոքրանում են։ Թոքաբշտիկներից օդըդուրս է մղվում և օդատար ուղիներով հեռացվում օրգանիզմից. կատարվում է արտաշնչում։ Ուժեղ արտաշնչմանը մասնակցում են նաև որովայնի խոռոչի և իրանի մկանները։

Թոքերի կենսական տարողությունը

Օրգանիզմի տարբեր վիճակներում ներշնչվող և արտաշնչվող օդի քանակը փոխվում է։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ թոքերի օդափոխությունը մեծանում է, իսկ հանգիստ ժամանակ փոքրանում։ Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է 21100։ Բնականոն պայմաններում չափահաս մարդը հանգիստ ներշնչում և արտաշնչում է 500 սմ3 մթնոլորտային օդ։ Դա կոչվում է շնչառական ծավալ։ Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ3-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ3-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում։ Ամենախոր արտաշնչումից հետո արտաշնչված օդի առավելագույն քանակը կոչվում է թոքերի կենսական տարողություն։ Բնականոն հանգիստ պայմաններում չափահաս մարդու թոքերի կենսական տարողությունը 3-5 լ (3500 սմ3) է։ Այդ քանակը կարող է տատանվել կախված մարմնաչափից, սեռից, մարմնի դիրքից, մարզվածությունից։ Օրինակ, կանանցը՝ 3-3,5 լ (3500 սմ3) է, 6 տարեկան երեխայինը՝ 1200 սմ3 է, տղամարդկանցը՝ 4,5-5 լ (4500 սմ3), մարզվածներինը՝ 6 լ, իսկ մարզիկները՝ մինչև 9 լ (9000 սմ3)։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է շնչաչափով։

Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ3, այսպես կոչված, մնացորդային օդ, որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը, որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Արյան մակարդում: Արյան խմբեր։

Արյան մակարդումը:
Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:
Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:
Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 38 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:
ris38.jpg

Ուշադրություն

Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Արյան խմբեր:

b4df33a2dfa7ff8737860a49981f6100-w971

Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր (տե՛ս աղյուսակը): Այսպես` որոշ մարդկանց (արյան I խումբ) էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ βագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են Bագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ:
Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, IIև III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IVխմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:
Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց 4050%-ը ունի առաջին խմբի արյուն, 3040%-ը` երկրորդ, 1020%-ը՝ երրորդ, իսկ 5%-ը՝ չորրորդ խումբ
Posted in Կենսաբանություն, Uncategorized

Մարդու սրտի կառուցվածքը

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակում, աջ և ձախ թոքերի արանքում, նրա 2/3 մասն անցնում է մարմնի միջին հարթությունից ձախ: Հասուն մարդու սրտի երկարությունը 12-15 սմ է, լայնական չափը` 8-11 սմ, առաջետին չափը` 5-8 սմ: Զանգվածը 220-300գ: Սրտի հիմքն են կազմում նախասրտերը և խոշոր անոթները` վերին և ստորին սիներակները, աորտան և թոքային զարկերակացողունը: Սիրտը ունի երկու երես` կրծոսկրակողային և ստոծանիական, որոնք իրարից բաժանված են աջ և ձախ եզրերով: Սիրտը շրջապատված է պարկաձև փակ գոյացություններով` սրտապարկով, (պերիկարդ), այն պաշտպանական դեր է կատարում և սահմանափակում է սրտամկանի լայնացումը:

Heart_frontally_PDA

Վերջինս բաղկացած է երկու շերտից` արտաքին` ֆիբրոզ և ներքին` շճային: Վերջինս բաժանված է երկու թերթիկների` առպատային, որը պատում է ֆիբրոզ շերտը ներսից, և ըդերային ՙէպիկարդ կամ վերսրտենի՚, որը կպած է սրտամկանին և կազմում է սրտի արտաքին շերտը, որը առջևից հաստ է, սրտի հետին պատի համեմատ: Առպատային և ընդերային թերթիկների միջև կա որոշ քանակությամբ շճային հեղուկ, պարունակում է մեծ քանակությամբ արյունատար և ավշային անոթներ, նյարդային վերջույթներ: Միջին շերտը`սրտամկանը կամ միոկարդը, սրտի պատերի հիմնական զանգվածն է, կազմված միջաձիգ զոլավոր և շրջանաձև մկանաթելերից, որոնք սկսվում են բացվածքների շուրջը գտնվող ջլաօղերից և առանձին-առանձին տարածվում են նախասրտերի ու փորոքների վրա: Ներքին շերտը` ներսրտենին (էնդոկարդ), սրտի խոռոչը պարզ փուխր շարակցահյուսվածքային շերտ է, որը ծալքավորվելով առաջացնում է նախասիրտ փորոքային, ինչպես նաև աորտայի և թոքային զարկերակացողունի փականները: Էնդոկարդը պատում է սրտի խոռոչների պատերը և գոյացնում բացվածքների փականների փեղկերը: Նախասրտերը փորոքներից բաժանված են պսակաձև ակոսով, որի մեջ գտնվում է համանուն երակացոծը: Սրտի միջփորոքային ակոսների մեջ գտնվում են սիրտը սնուցող աջ և ձախ պսակաձև զարկերակները: Մենք գիտենք, որ մարդու սիրտը բոլոր կաթնասունների սրտի նման քառախորշ է (աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ): Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում և բաժանված են միջնախասրտային և միջփորոքային միջնապատերով: Նախասրտի միջև հաղորդակցություն կա, միայն ներարգանդային շրջանում: Աջ նախասրտերը խորանարդաձև է, նրա մեջ են բացվում վերին և ստորին սիներակներն ու սրտի պսակաձև երակածոցը: Աջ նախասիրտը դեպի վար աջ փորոքի հետ հաղորդակցվում է նախասիրտ-փորոքային բացվածքով , որն օժտված է եռափեղկ փականով: Վերջինս կծկման ժամանակ կանխում է արյան ետհոսքը դեպի նախասիրտ: Աջ և ձախ նախասրտերի միջնապատի կենտրոնում` աջ և ձախ փորոքներից վեր, ձևավորված է մի խոռոչային ելուստ, որը կոչվում է սրտի աջ և ձախ ականջիկ, որը սաղմնային զարգացման շրջանում գործող ձվաձև անցքի հետքն է: Երբ ձվաձև անցքը լրիվ կամ մասնակի չի փակվում, պատճառ է դառնում բնածին արատի, որի ժամանակ նախասրտերի և փորոքի արյունը խառնվում է: Աջ նախասրտի պատերը հարթ են, բացի ականջիկից, որի մեջ կան սանրաձև մկաններ: Ձախ նախասրտի մեջ բացվում են թոքային 4 երակները: Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքն օժտված են երկփեղկ փականով : Աջ փորոքը նման է եռանիստ բրգի, ունի առաջնային , ետին և միջային պատեր, որոնց կպած է բազմաթիվ մկանային ձողիկներ: Դրանք բացակայում են միայն թոքային զարկերակացողունի հարակից մասում:

Heart_anatomy_in_armenian.

Այդ մկանային ձողիկների տարատեսակներից է երեք պտկաձև մկանները, որոնք հիմքերով կպած են փորոոքի պատերին, իսկ ապա ծայրերով ՙբարակ ջլաթելերի միջոցով՚ միանում է եռափեղկ փականի ազատ եզրերին և կանխում է փեղկերի շրջվելը դեպի նախասիրտը` դրանց փակված դիրքում: Աջ փորոքում թոքային զարկերակացողունի սկզբնական մասում, կան երեք կիսալուսնաձև գրպանիկներ, որոնք նույնպես գործում են որպես փականներ: Դրանք բացվում են միայն արյան հոսքի ուղղությամբ, այսինքն` փորոքից դեպի թոքային զարկերակացողունը : Նշենք, որ կիսալուսնաձև փականները իրենցից ներկայացնում են երեքական գրպանիկներով ամուր շարակցա¬հյուս¬վածք: Փորոքի թուլացման ժամանակ, երբ արյունը ձգտում է ետ լցվել նրա մեջ, կիսալուսնաձև գրպանիկները լցվում են արյունով և փակելով անցքը, կանխում արյան ետհոսքը դեպի փորոք: Ձախ փորոքի պատերը ավելի հաստ են, քան աջինը: Այստեղ մկանային ձողիկները բարակ են, սակայն ավելի շատ են, քան աջ փորոքում: Պտկաձև մկանները երկուսնն են, որոնք նույնպես ջլաթելով միացած են երկփեղկ փականի փեղկերին: Աորտայի  սկզբնական մասը ևս օժտված է լավ արտահայտված կիսալուսնաձև փականներով, Դրանց աջ և ձախ կողմերից սկիզբ են առնում պսակաձև զարկերակները, որոնք սիրտը սնելով դառնում են երակներ և թափվում պսակաձև երակածոցի, վերջինս էլ աջ նախասրտի մեջ: Այս անոթների միջոցով կատարվում է սրտի պսակային շրջանառությունը: Պսակային զարկերակների ճյուղավորումների միջև եղած բերանակցումները մեծ նշանակություն ունեն սրտի պատերի սնուցումը բավարար և կայուն կերպով ապահովելու համար, երբ պսակաձև անոթների ճյուղերը ծայրային են, այսինքն, չունեն բերանակցումներ, ապա նպաստավոր պայմաններ են ստեղծվում սրտամկանի ինֆարկտի համար:

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Ականջի կառուցվածքը և Ֆունկցիաները

  • Արտաքին ականջ

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Արտաքին լսողական անցուղին պատված է մաշկով և վերջանում է թմբկաթաղանթով: Լսողական անցուղու դրսային մասի մաշկը պարունակում է մազիկներ և գեղձեր, որոնք ծծումբ են արտադրում և պաշտպանում արտաքին ականջը փոշուց և կեղտից: Թմբկաթաղանթը շրջանաձև է և անջատում է արտաքին ականջը միջին ականջից: Ձայնի ալիքները, դրսից մտնելով ականջ, տատանում են թմբկաթաղանթը:

  • Միջին ականջ

Միջին ականջը կազմված է փոքր խոռոչից` որը լցված է օդով: Օդը հասնում է այնտեղ  խողովակով, որը միացնում է միջին ականջի խոռոչը քթըմպանի հետ:

Միջին ականջը անջատվում է ներքին ականջից ոսկրային պատով։Միջին ականջի վերին մասում տեղավորված են երեք փոքր լսողական ոսկրիկներ, որոնք միացնում են թմբկաթաղանթը օվալ պատուհանին: Դրանք մարմնի ամենափոքր  ոսկրիկներն են։

 

  • Ներքին ականջ

Ներքին ականջը  պարույրաձև անցուղի է, որը տեղադրված է ոսկրի մեջ: Այդ շատ զգայուն կառուցվածքը բաղկացած է երկու մասից` խխունջից, որը լսողությունն ընկալող օրգան է, և կիսաբոլոր խողովակներից, որոնք իրականացնում են մարմնի հավասարակշռությունը:

 

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Աչքի հիվանդություններ

Բլեֆարիտ

Բլեֆարիտը կոպերի եզրերի բորբոքում է, որր սովորաբար ախտահարում է երկու աչքն էլ։

Ախտանիշները՝

– Քոր և կարմրություն կոպերի եզրերին։

Ի՞նչ կարելի է անել

1. Մեկ թեյի գդալ աղը կամ սոդան լուծեք մեկ բաժակ եռացած տաք ջրի մեջ և լվացեք երեխայի կոպերն ու թարթիչները: Ամեն աչքի համար օգտագործեք նոր թրջոց։ Լվացումը կատարեցեք օրական երկու անգամ՝ ամեն անգամ պատրաստելով թարմ լուծույթ։

 

Գարեհատ

Գարեհատր վերևի կամ ներքևի կոպի թարթիչի մազային հանգույցի թարախակալում է։ Երբեմն չորանում է, բայց ավելի հաճախ կոպի վրա թարախային գնդիկ է գոյանում, որը մի շաբաթից պայթում է։ Գարեհատը շատ լուրջ հիվանդություն չէ, և ինքներդ կարող եք բուժել։

Ախտանիշները՝

– Կարմիր ցավոտ ուռածություն կոպի վրա

– ուոածության վրա աոաջացել է թարախային բշտիկ

Ի՞նչ կարելի է անել

1. Բամբակյա թրջոցը թրջեք տաք ջրով, քամեք և 2-3 րոպե պահեք երեխայի աչքի վրա. այս դեպքում գարեհատի գլխիկը ավելի արագ կհասունանա։ Այս գործողությունը կատարեք օրական 2-3 անգամ, մինչև գարեհատը պայթի։

2. Երբ գարեհատը ծակվի, ցավը կթեթևանա։ Եռացած տաք ջրի մեջ թրջած բամբակով զգուշորեն մաքրեք թարախը։

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Գլխուղեղ

Գլխուղեղը պարզապես չի աճում ու չափերով մեծանում, այն զարգանում է՝ անցնելով մի շարք հաջորդական փուլեր: Այն ձևափոխվում է՝ նյարդային խողովակի առջևի մասի հանգույցից վերածվելով շերտերի և կապերի մի բարդ համակարգի։ Նեյրոնները գոյանում են ցողունային բջիջներ պարունակող հատուկ դաշտերում, ապա հյուսվածքով գաղթում՝ իրենց յուրահատուկ դիրքը զբաղեցնելու նպատակով։ Երբ նեյրոնը գրավում է իր դիրքը, աքսոնները ճյուղավորվելով և լայնանալով աճում են, հասնում թիրախներին և ձևավորում սինապսներ։ Նյարդային համակարգի որոշ հատվածներում, վաղ փուլերում նեյրոններ և սինապսներ ձևավորվում են մեծ քանակով, իսկ հետո՝ անպետքները կտրտվում են և հեռացվում:

download

Ողնաշարավորների մոտ նյարդային համակարգի զարգացման սկզբնական փուլերը նույնն են: Երբ սաղմը բջիջների կլոր բուշտից վերածվում է որդաձև կառույցի, մեջքի միջին հատվածի էկտոդերմի մի նեղ շերտ վերափոխվում է՝ առաջացնելով նյարդային թիթեղը՝ նյարդային համակարգի սկզբնակը։ Թիթեղը պարուրվում է՝ առաջացնելով նյարդային ակոսը, որի եզրերը միանում են և կազմում նյարդային խողովակը։

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Գեղձ

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։

Image_515

Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։

Image_1980

Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ Ենթաստամոքսային գեղձի ներզատիչ մասը արտադրում է մի շարք հորմոններ՝ (ինսուլին, գլյուկագոն և այլն), իսկ արտազատիչ մասն արտադրում է մարսողական հյութ, որը ծորանով բացվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Սեռական գեղձերի ներզատիչ մասն արտադրում է սեռական հորմոններ, իսկ արտազատիչ մասը՝ սեռական բջիջներ։