Posted in Հայրենագիտություն

Մաստարա

Մակերես` 61.28կմ2

Բնակչություն` 2581

Համայնք Թալինի տարածաշրջանում , Թալին քաղաքից 7-9 կմ հյուսիս: Մարզկենտրոնից գտնվում է 58 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Մաստարա եւ Ձորագյուղ գյուղերը:

Նախկինում Մաստարան կոչվել է նաեւ Մազդարա, Մասդարա: Գյուղի անվան ծագումնաբանությունը ավանդությամբ կապվում է եկեղեցու կառուցման հետ: Ըստ ավանդության Գրիգոր Լուսավորիչը կեսարիայից բերել է ս. Հովհաննեսի մասունքները եւ մի մասունք թաղել այստեղ, վրան կառուցել եկեղեցի եւ գյուղին տվել Մաստարա անվանումը, որը նշանակում է ՙմասը տարա՚:

Մաստարան հին հայկական գյուղական բնակավայր է: Ըստ 1010 թ-ի արձանագրության Մաստարան պատկանել է Աշոտ II Բագրատունու որդուն` Գագիկ Շահնշահին:

Գյուղը տեղադրված է Արագածի հարավ-արեւմտյան փեշերին, շրջապատված քարքարոտ լեռնաճյուղերով:

Մաստարան ունի կարմիր եւ գորշ տուֆի պաշարներ, բազալտ, հրաբխային խարամ եւ ավազ:

Գյուղի բնակչության թիվը կազմում է 2862 մարդ : Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ:

Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Արդյունաբերության ոլորտում ունի սարքաշինական արտադրամաս: