Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2019, Uncategorized

Մի իրի պատմություն՝ Մառան

Մառանը տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց է ժողովրդական տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիքներ և ըմպելիքներ։ Մառանը լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, ակերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր և թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր և այլն։ Ճարտարապետական առումով մառանը լեռնային նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություն՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան)։ Հին և միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական և վանքապատկան համակառույցների կազմում մառանը եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք և ունեցել տնօրեն՝ մառանապետ։ Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդյունաբերական արտադրության հետ, մառանը դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման և հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր։ Մառանը գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաև որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ «մեղրամսի» ընթացքում։

Advertisements
Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2019, Uncategorized

Խաչատուր Աբովյանի մանկավարժական հայացքները

Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ մտածողների ու լուսավորականների (Ռուսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետնությամբ։

Ըստ Աբովյանի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։

Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։

Աբովյանն սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտակաև միաբանություն՝ դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։

abovianportrait

1834 թ. Աբովյանը ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների գավակների համար։ Երկրորդ կարգի դպրոցի սաները, հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսանելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր, նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը։ Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։