Posted in Uncategorized

Տիեզերական ձգողության ուժ, ծանրության ուժ

Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։ Նույնիսկ փորձ կատարելու կարիք չկա պարզելու համար, թե ինչ տեղի կունենա, եթե մարմինը վեր բարձրացնենք Երկրի մակերևույթից ու բաց թողնենք, կամ նետենք որևէ ուղղությամբ: Բոլորդ հրաշալի գիտեք, որ այն նորից կընկնի Երկրի մակերևույթին: Եվ, իհարկե, գիտեք, որ դրա պատճառը Երկրի ձգողությունն է: Այն փաստը, որ Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:

 images-5
Այստեղ ուրիշ հարց կա. միայն Երկի ՞րն է օժտված այդ ընդունակությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու նախադրյալներ ստեղծվեցին 15-րդ դարում, երբ լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսը ստեղծեց տիեզերքի կառուցվածքի մասին տեսությունը: Համաձայն այդ տեսության՝ բոլոր մոլորակները, այդ թվում՝ նաև Երկիրը պտտվում են Արեգակի շուրջը:
16-րդ դարում գերմանացի նշանավոր ֆիզիկոս Կեպլերը երկարատև դիտումների արդյունքում հայտնագործեց Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրենքները: Արդեն պարզ դարձավ, որ Արեգակն էլ մոլորակներին է ձգում: 17-րդ դարում անգլիացի հանճարեղ գիտնական Նյուտոնը, ընդհանրացնելով կուտակված փորձը, առաջ քաշեց վարկած այն մասին, որ այդ հատկությամբ օժտված են ոչ միայն Երկիրն ու Արեգակը, այլև բոլոր մարմինները: Ձգողության ուժեր գործում են տիեզերքի բոլոր մարմինների միջև:

Leave a comment